Նյութափոխանակության գործընթացների բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ են հաղորդակցության ուղիներ միմյանցից հեռու գտնվող օրգանների, հյուսվածքների և բջիջների միջև:
Առանց այդ ուղիների գոյության օրգանիզմը կդադարի լինել մեկ ամբողջություն, կխաթարվի նյութերի բնական փոխանակությունը:
Նյութափոխանակության բաղադրիչների մասնագիտացված տեղափոխումը գործառութային օրգան համակարգերով կոչվում է նյութերի փոխադրում:
Բույսերի և կենդանիների օրգանիզմներում նյութերի փոխադրումը կատարվում է տարբեր կերպ, բայց նույն սկզբունքով:
Համաձայն այդ սկզբունքի՝ անհրաժեշտ է.
- Կլանված և մեկ տեղում կենտրոնացած սննունդն ու թթվածինը ցրել դեպի բոլոր բջիջները:
- Բջիջներում ցրված ածխաթթու գազն ու արգասիքները կենտրոնացնել արտազատության օրգաններում:
- Որոշակի նյութերով հարուստ օրգաններից տվյալ նյութերը ուղղել դեպի առավել աղքատ օրգաններ:
Բույսերի մոտ ցողունը նյութերի փոխադրման ակտիվ մասնակիցն է, քանզի նրանով են անցնում փոխադրման հիմնական ուղիները: Ցողունում գոյացնող հյուսվածքից ձևավորվում է փոխադրող հյուսվածքը:

Բույսերի փոխադրող հյուսվածքը նյութերի փոխադրման մասնագիտացված միավոր է:
Գոյացնող հյուսվածքից աջ — առաջանում են ջրատար անոթները: Սրանք վերընթաց են` արմատներից դեպի տերևներ են փոխադրում ջուր և նրանում լուծված նյութեր: Գտնվում են բնափայտում:
Գոյացնող հյուսվածքից ձախ — առաջանում են մաղանման խողովակներ: Դրանք վարընթաց են` տերևներից դեպի այլ օրգաններ են փոխադրում սննդանյութեր:
Բույսերում փոխադրման համար ուժի աղբյուր է ծառայում արմատային ճնշումն ու հերձանքներով ջրի գոլորշիացման քարշը:
Բազմաբջիջ և բարդ կազմավորված կենդանիների մոտ փոխադրման հիմնական միջոցը ջուրն է: Այն իր մեջ լուծում և ներառում է նյութափոխանակության հիմնական բաղադրիչները և ապահովում դրանց մատակարարումը:
Փոխադրման այդպիսի մասնագիտացված ջրալուծույթային կազմավորում է արյունը:
Բարձրակարգ կենդանիների փոխադրման համակարգը ունի երեք կարևորագույն օղակ.
1. Փոխադրող միջավայր — արյուն:
2. Փոխադրող ուղիներ — արյունատար անոթներ:
3. Փոխադրող ուժի աղբյուր — սիրտ:

Արյան և դրա շրջանառության մասին պատկերացումները 17-րդ դարում առաջին անգամ նկարագրել է անգլիացի բժիշկ և բնագետ Ուիլյամ Հարվեյը:
Արյունը օրգանիզմում ունի նաև մեկ այլ զարմանահրաշ նշանակություն: Այն ապահովում է մեր մարմնի կայուն ջերմաստիճանը` 36,6°C: Ինչպես գիտեք ֆիզիկայի դասընթացից` միջավայրում էներգիան կարող է ցրվել ջերմության տեսքով: Սննդի քայքայման հետևանքով առաջացող էներգիան ևս ցրվում է՝ որպես ջերմություն: Արյունը կլանում է այն, տաքանում և շրջանառելով հավասարապես բաշխում անջատված ջերմությունը:
Օրգանիզմների մարմնի ջերմաստիճանը պայմանավորված է նյութափոխանակության ուժգնությամբ:

Տարբերակում ենք.
1. Սառնարյուն կենդանիներ — նրանց մարմնի ջերմաստիճանը կայուն չէ, նյութափոխանակությունը դանդաղ է: Նրանց ակտիվությունը պայմանավորված է շրջակա միջավայրի ջերմաստիճանով:
Օրինակ
Որդերը, միջատները, ձկները, գորտերը:
2. Տաքարյուն կենդանիներ — ունեն մարմնի կայուն ջերմաստիճան, որն անփոփոխ է անկախ եղանակային պայմաններից: Նյութափոխանակությունը ինտենսիվ է: Ակտիվ կենսակերպ վարող օրգանիզմներ են:
Օրինակ
Բոլոր թռչունները, շները, կատուները, մարդը:
Կենդանի օրգանիզմների կարևոր հատկանիշներից է շարժման ունակությունը:
Ուշադրություն
Ակտիվ նյութափոխանակություն ունեցող օրգանիզմներին բնորոշ է աշխույժ շարժունակությունը: Եվ հակառակը` պասիվ նյութափոխանակությամբ օրգանիզմները սակավաշարժ են:
Բույսերը պասիվ են շարժվում, քանի որ արմատով ամրացված են տարածության որոշակի կետի և չեն կարող այն փոփոխել: Այնուհանդերձ նրանք կարող են թեքվել, ուղղվել, ձգվել դեպի լույսը, խոնավությունը, ջերմությունը:

Օրինակ
Կենդանիները տարածության մեջ հարմարավետ տեղաշարժվող օրգանիզմներ են, որոնք ունեն տեղաշարժման հատուկ հարմարանքներ:
Ձկների, կետերի, դելֆինների լողակները` ջրում լողալու համար:
Թռչունների, միջատների, չղջիկների թևերը` օդում թռչելու համար:
Ձիերի, այծերի, սողունների ոտքերը` ցամաքում տեղափոխվելու համար:
Հարցեր և առաջադրանքներ․
1. Ի՞նչ նշանակություն ունի նյութերի փոխադրումը բույսում:
Նյութերի փոխադրումը բույսում ունի կենսական նշանակություն, քանի որ այն ապահովում է.
- Ջրի և դրանում լուծված հանքային աղերի վերընթաց տեղափոխումը արմատներից դեպի տերևներ ջրատար անոթների միջոցով։
- Տերևներում սինթեզված օրգանական սննդանյութերի վարընթաց տեղափոխումը դեպի բույսի մյուս մասեր՝ մաղանման խողովակների միջոցով։
- Այս փոխադրումները անհրաժեշտ են բջիջների նյութափոխանակության, աճի և կենսագործունեության համար։
2. Որո՞նք են արյան հիմնական գործառույթները:
Արյան հիմնական գործառույթներն են՝
- Նյութափոխանակության բաղադրիչների փոխադրում՝ թթվածին, սննդանյութեր, հորմոններ, ջուր և այլ անհրաժեշտ նյութեր բջիջներին։
- Արտաթորելիք նյութերի հեռացում՝ ածխաթթու գազ, նյութափոխանակության արգասիքներ։
- Մարմնի ջերմաստիճանի կայունացում՝ արյունը կլանում և հավասար բաշխում է սնննդի քայքայման ժամանակ առաջացած ջերմությունը։
- Պաշտպանիչ դեր՝ արյան բաղադրիչներն օգնում են պայքարել մանրէների և վիրուսների դեմ (իմունային պատասխան)։
3. Ի՞նչ է տեղափոխում արյունը:
Արյունը տեղափոխում է՝
- Թթվածին՝ թոքերից դեպի բջիջներ։
- Սննդանյութեր՝ մարսողական համակարգից դեպի ամբողջ օրգանիզմ։
- Ածխաթթու գազ և այլ արգասիքներ՝ բջիջներից դեպի արտազատման օրգաններ։
- Հորմոններ՝ ներզատիչ գեղձերից դեպի թիրախային օրգաններ։
- Ջերմություն՝ մարմնի տարբեր հատվածներում հավասար բաշխման համար։